Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Թաթուլ Հակոբյանի Կանաչ ու սեւ գիրքը` ընթերցողի սեղանին

 

04 | 09 | 2008 | 17:30 | Լուր

 

Այսուհետեւ ղարաբաղյան հարցով զբաղվող յուրաքանչյուր վերլուծաբան ու քաղաքագետ ստիպված է այս գրքին դիմելու

 

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի Արմենիա  հյուրանոցում տեղի ունեցավ Արմենիան ռիփորթեր շաբաթաթերթի լրագրող եւ կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանի Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր ստվարածավալ գրքի շնորհանդես-վաճառքը: Այն կազմակերպել էին Լեռնային Ղարաբաղի Ժուռնալիստների միությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը: Գիրքը բաղկացած է 584 էջից եւ ավելի քան երկու տասնյակ լուսանկարներից: Այն արդեն վաճառքի է հանվել Երեւանի գրախանութներում, Ստեփանակերտում եւ Թեհրանում, որտեղ եւ տպագրվել է:

 

-Գրքի վերնագրի մտահղացումը տվել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Երբ ես նրա հետ զրուցում էի պատերազմի դաժանությունների մասին, Տիգրանը շատ դեպքեր պատմեց, բայց ասաց, որ պատերազմի տարիներին իր ամենասուր զգացումը կապված չի եղել հենց կռվի, դաժանությունների հետ: Նա ասաց, որ պատերազմի տարիներին Ղարաբաղում երկու գույն էր ավելանում` սեւ եւ կանաչ` խակի: Տղամարդիկ խակի էին հագնում, կանաչ կամուֆլյաժ, իսկ կանայք գնալով ավելի ու ավելի շատ սեւ էին հագնում: Սեւ գույնի ավելանալը ամենամեծ ճնշումն էր, ամենասուր տպավորությունը արցախյան պատերազմից, պատմում էր Տիգրանը: Այսպիսով` սեւը պատերազմում սպանվող տղաների մայրերի հագուստի գույնն է, կանաչը` զինվորական համազգեստը: Պատերազմի տարիներին ամեն օր Ղարաբաղում ավելանում էր երկու գույն. մայրերն ավելի շատ սեւ էին հագնում, որդիները` ավելի շատ կրում զինվորական համազգեստ,- ասաց Հակոբյանը:

 

Գիրք գրելու նպատակ հեղինակը նախապես չի ունեցել: -Քանի որ Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության մասին ես Ազգ օրաթերթում  գրեթե ամեն օր էի գրում, գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ որոշեցինք մեր համար ամենօրյա օգտագործման համար կազմել կարեւոր հայտարարությունների, տարեթվերի, դեպքերի ժամանակագրություն: Օրաթերում աշխատանքը նման է վազքի, եւ շատ մեծ է սխալվելու հավանականությունը, երբ քո ձեռքի տակ չունես նման ժամանակագրություն` Տեր-Պետրոսյանն ինչ է ասել Սուլեյման Դեմիրելի հետ Ռիո դե Ժանեյրոյում 1992 թ. հուլիսի զրույցից հետո, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ 13-րդ հանդիպումը որտեղ է կայացել, Սաֆար Աբիեւը քանի անգամ է խոստացել ազատագրել Ղարաբաղը հայ ագրեսորներից: Ահա այսպես սկսեցի իմ աշխատանքները: Մեկ տարի անց արդեն զգում էի, որ արխիվային աշխատանքը ճահճի պես ձգում է ինձ: Բացի այդ` լրագրողական իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում հանդիպում էի պատերազմից տուժած շարքային քաղաքացիների, որդեկորույս մայրերի, որբ ու սարսափելի վատ ապրող երեխաների, որոնց հայրերը սպանվել էին պատերազմում: Ես սկսեցի հասկանալ, որ դուրս եմ եկել ժամանակագրության սահմաններից: Վեց տարի անց ստացվեց այն, ինչը հիմա ձեր սեղանին է,-շարունակեց նա:

 

Հեղինակը նշեց, որ ինքը ղարաբաղյան պատերազմը, բանակցային գործընթացը եւ ավելի քան 14 տարի շարունակվող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը գրքում ներկայացնում է մարդկային ողբերգությունների, խեղված ճակատագրերի ու տառապանքների ենթատեքստում ոչ այն պատճառով, որ չարժեր ու անիմաստ էր այդքան թանկ գին վճարել արցախյան ազատամարտի դիմաց, այլ ընթերցողին կրկին հիշեցնելու, որ այդ հաղթանակների հետ պետք է վարվել խնամքով, չփոշիացնել ավելի քան վեց հազար հայերի արյան գնով ձեռք բերված նվաճումը:

 

Լեռնային Ղարաբաղի Ժուռնալիստների միության նախագահ, գրող Կիմ Գաբրիելյանը ներկաներին հիշեցրեց, որ Թաթուլ Հակոբյանը գիրքը գրելու վեց տարիներին եւ ավելի վաղ բազմաթիվ անգամ եղել է Լեռնային Ղարաբաղում եւ ազատագրված տարածքներում, անկարեւոր թվացող մեկ փաստն անգամ ճշտել մի քանի աղբյուրներից: Այս գիրքը բացառիկ է մինչեւ այսօր ղարաբաղյան թեմայով գրված գործերի շարքում, ասաց Գաբրիելյանը:

 

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը շեշտելով գրքի կարեւորությունը` շնորհանդեսի մասնակիցներին տեղեկացրեց, որ Թաթուլ Հակոբյանը ոչ միայն վեցտարյա տքնաջան աշխատանք է կատարել, այլ բացառապես իր միջոցներով տպագրել գիրքը:

 

-Պետական միջոցներով ինչ գիրք ասես չի տպվում: Հեղինակ կա ամեն տարի մի քանի գիրք է տպագրում: Դա աննորմալ է: Նորմալը վեց տարի աշխատանքով գիրք գրելն է, ինչպես արել է մեր գործընկերը,- ասաց Բաղդասարյանը:

 

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հույս հայտնեց, որ Թաթուլ Հակոբյանը իր գրքում ներկայացրած կլինի ճշմարտությունը:

 

Շնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակը ներկաներին, որոնց մեծ մասը քաջատեղյակ էին ղարաբաղյան պատմությանը, ազատագրական պայքարին, հորդորեց գիրքն ընթերցելուց հետո անպայման արձագանքել:

 

-Երեկվա դեպքի մասին գրելիս անգամ հնարավոր է սխալվել: Ես վեց հարյուր էջ եմ գրել, որոնք վերաբերում են տասնյակ տարիների դեպքերի: Սխալվելու հավանականությունը շատ մեծ է: Ես հորդորում եմ ոչ թե գովել ինձ, այլ գտնել գրքի թույլ տեղերը, եթե կան` փաստական սխալները: Այս գիրքը արցախյան պատմության ծովում ընդամենը մի կաթիլ է, սակայն ես չեմ ցանկանա, որ ակամա միանամ պատմությունը կեղծողների խմբին: Առաջիկայում այս գիրքը հավանաբար կվերահրատարակվի, եւ բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն,- ասաց Հակոբյանը:

 

Գրքի առաջաբանում Թաթուլ Հակոբյանի աշխատության մասին կարծիքներ են հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ազգ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Արմենիան ռիփորթեր շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վինսենտ Լիման եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը.

 

-Ողջունելի է Թաթուլ Հակոբյանի այս նախաձեռնությունը` անդրադառնալ մեր ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն շրջաններից մեկին, մի ճակատագրական հարցի` ոչ միայն որոշումներ կայացնող եւ իրականացնող, այլեւ տարեր հասարակական շերտեր ներկայացնող հայ մարդկանց տեսանկյունից: Թաթուլ Հակոբյանին հաջողվել է արդար եւ անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել:

 

Վարդան Օսկանյան

Հայաստանի արտգործնախարար (1998-2008 թթ.)

 

Այս գիրքը ոչ օրագրություն է, ոչ տարեգրություն, ոչ փաստաթղթերի ժողովածու, ոչ էլ սոսկ դեպքերի արձանագրություն: Գուցե այդ բոլորն` համահավաք եւ կարելի ամμողջականությամբ մատուցված: Պեղված, արձանագրված եւ կազմված լրագրողի կողմից, հնարավոր անկողմնակալությամբ, ազատամտությամբ: Սուբյեկտիվիզմն այս գրքում փնտրեք միայն դեպքերի ու դեմքերի արժեւորման մեջ, առաջնահերթություններն ընդգծելիս, ինչը, խոստովանենք, լրագրողի իրավունքն է: Այսուհետեւ ղարաμաղյան հարցով զμաղվող յուրաքանչյուր վերլուծաբան ու քաղաքագետ ստիպված է այս գրքին դիմելու:

 

Հակոբ Ավետիքյան

Ազգ օրաթերթի գլխավոր խմբագիր

 

Թաթուլ Հակոբյանը Կովկասի ամենահարգված լրագրողներից եւ ղարաբաղյան հակամարտության առաջատար փորձագետներից է: Այդ համարումը նա վաստակել է իր արդարամտությամբ եւ անդադար ճամփորդելով ու զրույցներ վարելով բոլորի հետ, լինեն պարզ գյուղացիներ, թե բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրա գաղտնիքը, որը դրսեւորվում է նաեւ Կանաչ ու սեւ այս հատորում, այն է, որ մոռացության չի մատնում այն փաստերն ու իրողությունները, որոնք հիշելն այլեւս ձեռնտու չէ: Իրազեկ եւ լավատեղյակ լինելու հավակնող մարդը չի կարող խուսափել, նա պարտավոր է ծանոթանալ Թաթուլ Հակոբյանի այս աշխատությանը: Բարեբախտաμար, դա հաճելի պարտականություն է, քանի որ հեղինակն ունի պատմիչի մեծ ձիրք:

 

Վինսենթ Լիմա

Արմենիան ռիփորթեր շաբաթաթերթի

գլխավոր խմբագիր

 

Ղարաբաղյան հակամարտությանն են նվիրված բազմաթիվ գրքեր, որտեղ փորձեր են արվել խնդրին մոտենալու երկու կողմից` հայկական եւ ադրբեջանական, արտերկրից, կանանց, լրագրողների, փախստականների աչքերով... Քիչ ավելի շատ են նրանք, ովքեր կատարում են զուտ քարոզչական աշխատանք կամ փորձում են անմահացնել հեղինակների, կազմողների փառքը եւ պատմական դերը: Լրագրող Թաթուլ Հակոբյանի Կանաչ ու սեւ գիրքը տարբերվում է մյուսներից: Հեղինակը ներկայացնում է հակամարտության տարբեր տեսակետները որպես հայ մարդ, ում խորթ չեն ազգային զգացմունքները, այլ ոչ թե որպես կողմնակի փորձագետ: Բացի դրանից, լրագրողը հարգանքով է վերաբերվում փաստերին, ձգտում է լուսաբանել իրադարձությունները` հաշվի առնելով ականատեսների եւ մասնակիցների ամենատարբեր մեկնաբանությունները:

 

Ընթերցողը գրքում կհանդիպի այնպիսի հատվածների, որոնց մասին գիտեն բոլորը կամ գրեթե բոլորը, սակայն հպանցիկ, եւ հեղինակի շնորհիվ հնարավորություն կունենան ծանոթանալու դրանց ամենայն մանրամասնությամբ: Չնայած Թաթուլ Հակոբյանը ծավալուն աշխատանք է կատարել, այնուամենայնիվ, կան իրադարձություններ, որոշ հարցեր, որոնք չունեն միանշանակ գնահատականներ եւ պատասխաններ: Եվ ընթերցողին առաջարկվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք առավելագույնս կօգնեն մոտենալու իրականությանը:

 

Պատմական հետաքննություն-ակնարկում, այսպես կբնորոշեի գրքի ժանրը, ներկայացված են անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են վերջին 20 տարիների ամենակարեւոր իրադարձություններին: Նորագույն պատմությանը վերաբերող նրանց գործողությունները եւ վկայությունները գրքի էջերում համակցվում են պատմական ենթատեքստի հետ, որն էլ թույլ է տալիս պատկերացում կազմել ղարաբաղյան հակամարտության մասին: Սակայն գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաեւ հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ եւ նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, եւ հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ եւս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով ... 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter