Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 19 դպրոցի դեմ Շիրակի մարզպետարանի արշավանքը շարունակվում է

 

11 | 03 | 2009 | 22:00 | Ժամանակագրություն

 

Տեղեկանք,

Մաս I [1.12.2008-11.3.2009, 12:00]

 

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության եւ խորհրդի շուրջ տեղի ունեցող արտակարգ իրադարձությունների ժամանակագրություն

 

1 դեկտեմբերի, 2008

Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրեն Նարինե Մեսրոպյանի եւ Շիրակի մարզպետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը իր N 337-Ա որոշմամբ նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից:

 

2 դեկտեմբերի, 2008

Սպառվել է Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրեն Նարինե Մեսրոպյանի եւ Շիրակի մարզպետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը:

 

Շիրակի մարզպետի N: 339-Ա  որոշմամբ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Բաղդասարյանը: Նա, ըստ մարզպետի որոշման, ինքն է գրավոր դիմել Շիրակի մարզպետին այդ ժամանակավոր պաշտոնը ստանձնելու խնդրանքով:

Ծանոթություն-1.

Գյումրու թիվ 15 եւ 19 դպրոցները գործում են նույն թաղում եւ համարվում է մրցակիցներ: Թիվ 15 դպրոցի աշակերտների թիվը վերջին 2 տարիների ընթացքում նվազել է մոտ հարյուր աշակերտով, իսկ 19 դպրոցում աշակերտների թիվը երկու տարում աճել է 31 աշակերտով:

 

3 դեկտեմբերի, 2008

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհուրդը իր նիստում որոշում է ՊՈԱԿ գործադիր տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարել: Մրցույթի հայտարարությունը զետեղվում է Գյումրու ԳԱԼԱ ՀԸ եւ Շանթ ՀԸ եթերում ու Շրջապատ շաբաթաթերթում:

 

22 դեկտեմբերի, 2008

Շիրակի մարզպետի N:1-01/6163 հանձնարարականով մրցույթը չեղյալ է հայտարարվում այն հիմնավորմամբ, թե մրցույթի հայտարարությունը թերի է, դրանում չի եղել ներկայացվելիք փաստաթղթերի թվարկումը:

 

23 դեկտեմբերի, 2008

Դպրոցի խորհուրդը լրացնում է հեռարձակվող հայտարարության տեքստը, ավելացնում է պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ հայտարարում նոր մրցույթ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը իմումըց:տ կնքածնշանակվում է 2009 թվի փետրվարի 3-ին ժամը ժամը 14:00-ին:

 

30 հունվարի, 2009

Դիմումների եւ հարակից փաստաթղթերի ներկայացման համար հատկացված ժամկետում ներկայացվում է գործադիր տնօրենի պաշտոնի համար երեք դիմում.

 

1. Նարինե Մեսրոպյան, Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն

2. Արմինե Աբրահամյան, թիվ Գյումրու թիվ 32 դպրոցի փոխտնօրեն

3. Նունե Սահրադյան, նախկինում Գյումրու թիվ 22 (32) դպրոցի մանկավարժ

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհուրդը, իր նիստում ուսումնասիրելով գործադիր տնօրենի թեկնածուների ներկայացրած դիմումներն ու թեկնածուների համար պահանջվող փաստաթղթերը, գրանցում է նրանց դիմումները և թույլատրում նրանց մասնակցել մրցույթին: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր անդամները, բացի Վարդիթեր Գասպարյանից (Շիրակի մարզպետի ներկայացուցիչ):  

 

2 փետրվարի, 2009

Մրցույթի նախօրեին Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը վարչության կրթության բաժնի գրասենյակ պաշտոնական զրույցի է հրավիրում դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանին եւ սկսում է բացատրել, թե նրա լիազորությունները խորհրդում անօրինական են, որովհետեւ, ըստ Ս.Մինասյանի, վերջինս ընտրվել է ՀՀ ԿԳ նախարարի սահմանած կարգի խախտմամբ: Այդ խոսակցությանը ներկա են եղել ՇՄ Կրթության վարչության Շիրակի մարզպետարանի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի անդամ, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ Վարդիթեր Գասպարյանը: Ռուզան Մովսիսյանը բացատրում է, որ ինքը պարտավոր է ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները եւ դրանց իսկությունը:

 

3 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթից 5 րոպե առաջ, մինչեւ խորհրդի նիստը, խորհրդի անդամ, Շիրակի մարզպետի կողմից նշանակված անդամ, ՇՄ աշխատակազմի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Վարդիթեր Գասպարյանը հայտարարում է, թե խորհրդի նախագահը ապօրինաբար է զբաղեցնում այդ պաշտոնը, որ խորհրդի նախագահը խորհրդում ընտրվել է գործող կարգի խախտմամբ, այն է, նա այդ դպրոցում աշխատանքային երեք տարվա ստաժ չունի: Ըստ Վ.Գասպարյանի.Խորհրդի ներսում ձևավորվել է խորհրդիկ, որը մինչ օրս թույլ է տվել կոպիտ խախտումներ:

Ծանոթություն-2.

Վ.Գասպարյանը Խորհրդում իր նշանակվելուց հետո, անցած 1,5 տարիների ընթացքում լինելով խորհրդի կազմում եւ մասնակցելով դրա նիստերի գրեթե կեսին, երբեւէ որեւէ նման բանավոր կամ գրավոր դիտողությամբ հանդես չի եկել խորհրդի գործունեության մասին:

 

Խորհրդի նախագահ, 19 դպրոցի փոխտնօրեն Ռուզան Մովսիսյանը բացատրում է, որ ինքը Խորհրդի կազմ մանկավարժական խորհրդից ընտրվել եւ պատվիրակվել է Վարդիթեր Գասպարյանի հիշատակած կարգի ընդունումից երկու ամիս առաջ, երբ, ըստ հին կարգի, այդ դպրոցում խորհրդի անդամ լինելու համար եռամյա ստաժ ունենալու պայման չի եղել, իսկ նոր` փոփոխված կարգը հետադարձ ուժ ունենալու դրույթներ չի պարունակում: Բացի այդ, խորհրդի նախագահը բացատրում է, որ խորհրդի կազմը, ներառյալ  ո?վ իր անդամությունը այնտեղ հաստատել են եւ նախկին մարզպետը՝ ընտրությունից հետո, եւ նոր մարզպետը՝ խորհրդի կազմում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց հետո:

 

Այս փոխադարձ հայտարարություններին ներկա են եղել ՇՄ ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետի տեղակալ  Համբարձում Ավոյանը, ովքեր որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:

 

Այնուհետեւ Խորհրդի անդամ Վարդիթեր Գասպարյանը հրաժարվել է մասնակցել մրցույթին: Մրցույթից առանց տեղեկացման բացակայել են նաեւ Մարզպետարանի երկրորդ ներկայացուցիչ Գրիշա Փիլոյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Սարգիս Դեմիրճյանը: Հաշվի առնելով, որ, ըստ գործող կարգի, դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթի նիստը (սա եւս խորհրդի նիստ է) կարող է գումարվել 7-ից առնվազն 5 անդամի մասնակցությամբ, իսկ հայտարարված ժամին ներկա են գտնվել միայն 4-ը՝ ծնողական եւ մանկավարժական խորհրդի երկուական անդամները, մրցույթը հետաձգվել եւ նշանակվել է փետրվարի 6-ին:

 

Դպրոցի խորհրդի անդամ Վարդիթեր Գասպարյանն իր հայտարարությունից հետո դպրոցում հավաքված լրատվամիջոցներին հարցազրույց տալով ասում է, թե մարզպետը դպրոցի տնօրենին (այդ պահին նաեւ տնօրենի թեկնածու) աշխատանքից ազատել է մի շարք օրինախախտումների համար:

Ծանոթություն-3.

Շիրակի մարզետ Լիդա Նանյանի N 337-Ա որոշման մեջ ասվում է, որ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակված Նարինե Մեսրոպյանը իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, որոշման մեջ ոչինչ չի ասվում որեւէ օրինախախտման մասին:

 

4 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը նամակներ է ուղարկում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրենց կողմից կառավարման խորհուրդ պատվիրակած անձանց ներկայությունը փետրվարի 6-ին գործադիր տնօրենի կայանալիք մրցույթում ապահովելու խնդրանքով:

 

Կառավարման խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը դիմում է ստանում Մարզպետարանի կողմից նշանակված խորհրդի անդամ Գրիշա Փիլոյանից` խորհրդի անդամի պարտականություններից իրեն ազատելու խնդրանքով:

 

5 փետրվարի, 2009

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը ստորագրում է 2009 թվի փետրվարի 5-ին 1-011//342 թվագրմամբ գրությունը, որում ասվում է. Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի անդամ` մանկավարժական խորհրդի կողմից ընտրված Ռ.Մովսիսյանի ընտրությունը տեղի է  ունեցել ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա//Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1 ենթակետի դրույթների խախտումով[1] եւ ՀՀ ԿԳ նախարարի` ՀՀ մարզպետներին (Երեւանի քաղաքապետին) ուղղված 2007 թվականի փետրվարի 9-ի N21-05-07/36 հանձնարարականի անտեսումով:: Այս գրությունը ուղարկվում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին:

Ծանոթություն-4.

Ըստ ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ն որոշման 12 կետի, Խորհրդի անդամի լիազորությունները չեն կարող դադարեցվել, եթե հայտարարվել է  գործադիր տնօրենի ընտրության մրցույթ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Այդ դեպքերը սահմանված են նույն որոշման 2.1 կետում. լիազորությունները դադարեցվում են աշխատանքից ազատվելու, ՀՀ օրենսդրությամբ եւ հաստատության   կանոնադրությամբ  նախատեսված դեպքերում: ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ օրինակելի կանոնադրության 47 կետի համաձայն, խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝ ա) առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ, բ) իր դիմումի համաձայն:

 

6 փետրվարի, 2009

Մրցույթի համար սահմանված ժամին Խորհրդի նիստին նորից չեն ներկայանում Շիրակի մարզպետարանի երկու եւ քաղաքապետարանի մեկ ներկայացուցիչը: Քվորումի բացակայության պատճառով տնօրենի թափուր տեղի համար մրցույթը չի կայանում:

 

7 փետրվարի, 2009

Դպրոցի Խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանին պաշտոնապես ծանոթացնում են Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 5-ին 1-011//342 թվագրմամբ գրությանը:

 

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցներ Գեւորգ Ղումաշյանը եւ Տիգրան Գուլյանը այցելում են 19 դպրոց, եւ Խորհրդի նախագահից ստանում նրա տնօրինման տակ գտնվող բոլոր փաստաթղթերի պատճեները, մասնավորաբար խորհրդի անդամների ընտրությունների հիմքերը, այդ թվում մանկավարժական խորհրդի այն նիստի արձանագրության պատճենը, որի ժամանակ Ռուզան Մովսիսյանն ու Ալվարդ Ղայթանջյանն ընտրվել են մանկավարժական խորհրդից դպրոցի խորհրդի անդամ, Խորհրդում խորհրդի նախագահի ընտրության արձանագրությունը եւ այլն:

 

10 փետրվարի, 2009

Դպրոցի խորհրդի անդամ Վարդիթեր Գասպարյանը խորհրդի կազմից հրաժարականի դիմում է ներկայացնում Շիրակի մարզպետին:

 

Շիրակի մարզպետը Լիդա Նանյանը ստորագրում է թիվ 29 կարգադրությունը, որում ասվում է. Ղեկավարվելով ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնասկան հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1, 2-2 ենթակետերի, 3-րդ կետի 3-1 ենթակետի ա պարբերության, 6-րդ եւ 8-րդ կետերի դրությթներով, հիմք ընդունելով Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի կազմի՝ մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված անդամներ Ռուզան Մովսիսյանի, Ալվարդ Ղայթանջյանի՝ վերոնշյալ կարգի խախտումով ընտրված լինելու հանգամանքը, ., 1. Դադարեցնել Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ խորհրդի անդամներ Ռուզան Մովսիսյանի, Ալվարդ Ղայթանջյանի  , լիազորությունները: 2. Հանձնարարել Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին (Ա.Բաղդասարյան)՝ 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպել մանկավարժական խորհրդի կողմից առաջադրվող խորհրդի անդամների ընտրություններ եւ ներկայացնել հաստատման: :     

Ծանոթություն-5.

Ըստ ՀՀ Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության[2] 47 կետի, դպրոցի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ա) առաջադրողի նախաձեռնությամբ եւ խորհրդի որոշմամբ ու բ) իր դիմումի համաձայն: Իսկ ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի խորհրդի ընտրության կարգի համաձայն, խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են աշխատանքից ազատվելու, ՀՀ օրենսդրությամբ եւ հաստատված կանոնադրությամբ նախատեսված դեպքերում։

 

Ծանոթություն-6.

Ռուզան Մովսիսյանն ու Ալվարդ Ղայթանջյանը ընտրվել էին դպրոցի մանկավարժական խորհրդից դպրոցի խորհրդի կազմի պատվիրակ 2006 թվի հոկտեմբերի 12-ին՝ եռամյա լիազորություններով: Եւ մինչ օրս որեւէ այլ անգամ չեն ընտրվել դպրոցի խորհրդի կազմում: Այդ ընտրությունը եւ նրանց անդամությունը դպրոցի խորհրդին հաստատել է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը իր 2006 թվի նոյեմբերի 2-ի թիվ 385 որոշմամբ, դրա համապատասխան հավելվածով, եւ՝ վերահաստատել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը 2007 թվի սեպտեմբերի 4-ի թիվ 389 որոշմամբ, դրա համապատասխան հավելվածով:  

 

Շիրակի մարզպետի նույն կարգադրությամբ դադարեցվում են նաեւ իր կողմից դպրոցի խորհրդում նշանակված երկու անձանց լիազորությունները: 

 

12 փետրվարի 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի նախագահը իրավաբանական խորհրդատվության եւ աջակցության խնդրանքով դիմում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում գործող Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնին եւ ստանում համապատասխան խորհրդատվություն:

 

13 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի նախագահը հանդես է գալիս ընդարձակ հրապարակային հայտարարությամբ[3], որտեղ բացատրում է իր դիրքորոշումը խնդրի շուրջ, քննադատում է մարզպետի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումն ու կարգադրությունը, եւ տեղեկացնում, որ ինքը ստեղծված կացության մասին բողոքարկելու է ՀՀ ԿԳ նախարարին:

 

14 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի նախագահը գրավոր բողոք է հղում ՀՀ ԿԳ նախարար Ս.Սեյրանյանին: Բողոքի պաճենն ուղարկվում է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանին:

 

15 փետրվարի, 2009, շաբաթ

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց են այցելում Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը, որոնք զրուցում են մի քանի ուսուցիչների հետ, շրջում դպրոցում, վարչության պետը նկատում է, որ դպրոցը լաբորատորիա չունի, իսկ Խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը առաջարկում է դպրոցին վերադարձնել դպրոցի մաս հանդիսացող մեկ մասնաշենքը, որտեղ էլ հաջողությամբ կարող է տեղավորվել լաբորատորիան:

Ծանոթություն-7.

Գյումրու թիվ 19 դպրոցի մեկ մասնաշենքը արդեն արդեն մի քանի տարի է օգտագործման է տրամադրված Գյումրու ակադեմիական վարժարանին, իսկ 19 դպրոցը դասերն անցկացնում է երկու հերթով:

 

16 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը իր լիազորությունները դադարեցնելու եւ խորհրդի կազմ մանկավարժական խորհրդից նոր անդամներ պատվիրակելու մասին Շիրակի մարզպետի որոշումը (2009 թվի փետրվարի 5-ին 1-011//342 թվագրմամբ) և կարգադրությունը (10.02.2009, թիվ 29) վիճարկող հայց է ներկայացնում ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր: Հայցը ներկայացվում է ընդդեմ Շիրակի մարզպետի եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի:  

 

17 փետրվարի, 2009

Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանը հանդես է գալիս մամլո ասուլիսով, լրագրողներին է ներկայացնում ստացված բողոքը, բողոքի հիմք հանդիսացող փաստաթղթերը, դատարան ներկայացված հայցադիմումը:

 

Դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը հանդես է գալիս Շիրակի մարզպետի եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ իր ներկայացրած հայցի մասին իրազեկող (երկրորդ) հաղորդագրությամբ[4], որի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ՀՀ ԿԳ նախարարություն, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին: 

 

18 փետրվարի, 2009

Ռուզան Մովսիսյանի փետրվարի 14-ի (առաջին) բողոքն ուղղված ՀՀ ԿԳ նախարարին մուտքագրվում է ՀՀ ԿԳ նախարարություն եւ ՀՀ Կառավարության աշխատակազմ:     

 

19 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը 2008 թվի փետրվարի 19-ին, ժամը 13:30-ին հայտարարություն է փակցնում ուսուցչանոցում ժամը 14:30-ին մանկավարժական խորհրդի նիստ հրավիրելու մասին: Տնօրենի պաշտոնակատարը հայտարարում է, որ ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի  արտահերթ նիստը հրավիրվում է տարիֆիկացիայի քննարկման եւ հաստատման հարցով, սակայն այդ հարցի քննարկումից եւ փակումից հետո տնօրենի պաշտոնակատարը անակնկալ առաջ է բերում օրակարգային եւս մեկ հարց` կառավարման խորհրդում 2 մանկավարժ ընտրելու հարցը՝ ի կատարումն Շիրակի մարզպետի թիվ 29 կարգադրության: Ռուզան Մովսիսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, նորից տեղեկացնում է, որ ինքն իր լիազորությունների դադարեցման մասին մարզպետի որոշումը վիճարկում է դատարանում, առաջարկում է չշտապել այդ հարցով, մի քանի օր սպասել դատարանի որոշմանը, մանավանդ, երբ մարզպետի կարգադրության մեջ նույն կարգադրությունը կատարելու 20-օրյա ժամկետ է նշվում ու այդ ժամկետի ավարտին դեռ 11 օր կա: Տնօրենի պաշտոնակատարը պնդում է այդ պահին մանկավարժական խորհրդից երկու պատվիրակների ընտրության հարցը, ասելով, թե դատարանի կողմից հայցի բավարարման դեպքում իրենք (ի նկատի է ունեցել մանկավարժական խորհրդին) չեղյալ կհայտարարեն կայացրած որոշումը: Ռուզան Մովսիսյանը նորից առաջարկում է ողջամիտ լինել, անտեղի շտապողականություն չցուցաբերել, ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար, ընդամենը մի քանի օր սպասել, եւ առաջարկում է ընտրությունները հետաձգելու մասին իր առաջարկը դնել քվեարկության: Տնօրենի պաշտոնակատարը հայտարարում է, թե Ռուզան Մովսիսյանը առաջարկություններ անելու իրավունք չունի, եւ ավելացնում, թե. ում դուրը որ չի գալիս, կարող է չմասնակցել նիստին: Ռուզան Մովսիսյանը մի քանի ուսուցիչների հետ հեռանում է նիստից:      

 

Նիստի երկրորդ հարցի քննարկման ժամանակ խորհրդի անդամության համար առաջարկվում է 4 հոգու թեկնածություն: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ սենյակում կազմում է քվեաթերթիկ, որում ներառում է երեք թեկնածուների անուն-ազգանունները, բազմացնում է քվեաթերթիկը, ստորագրում դրանց դարձերեսին եւ քվեաթերթիկները բերում ուսուցչանոց: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարում է, թե քվեաթերթիկները սխալ են սարքված, պահանջում է նորից պատրաստել դրանք, թողնելով միայն Անահիտ Վարդանյանի եւ Լաուրա Հովհաննիսյանի անուն-ազգանունները: Փոփոխված քվեաթերթիկներով անցկացված կիսաբաց-կիսագաղտնի քվեարկության արդյունքում Անահիտ Վարդանյանը ստանում է 3 քվե, Լաուրա Հովհաննիսյանը՝ 7, բոլորին դեմ քվեարկում է 2 հոգի, իսկ Ձեռնպահ տողի դիմաց քվեարկում է 7 մանկավարժ: Այս տեղեկանքում այդ քվեարկության մասին կիսաբաց-կիսագաղտնի ձեւակերպումը օգտագործվում է հետեւյալ պատճառով. ուսուցչանոցում տեղի ունեցած քվեարկության ժամանակ քվեախուց եւ քվեատուփ չի եղել: Մանկավարժները քվեարկել են մյուս մանկավարժներից 1,5-2 մետր հեռավորության վրա, սեղանին, երբ քվեաթերթիկի վրա նշում կատարելու տեսարանը որեւէ կերպ փակ չի եղել այլոց համար:         

   

Նիստից առաջ, 15 րոպեով դպրոց են այցելել եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպել ՇՄ ԿՄՍ վարչության Կրթության բաժնի աշխատակիցներ Գեւորգ Ղումաշյանը եւ Տիգրան Գուլյանը: Նրանք դպրոց են այցելել այստեղ հիշատակված մանկավարժական խորհրդի նիստից հետո եւս, մոտ 45 րոպե եղել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի եւ դպրոցի գործավարի հետ տնօրենի աշխատասենյակում: Այդ ամբողջ ընթացքում մանկավարժական խորհրդի անդամներ Ռուզան  Մովսիսյանը, Անահիտ Միսկարյանը, Ալվարդ Ղայթանջյանը, Ջանիբեկ Թորոսյանը, Գեղեցիկ Հովհաննիսյանը, եւ Սուսաննա Գրիգորյանը սպասել են տնօրենի պաշտոնակատարին՝ նրանից խնդրելու տեղի ունեցած նիստի արձանագրությունից քաղվածք: Ավարտելով Կրթության բաժնի աշխատակիցների հետ իր հանդիպումը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարվել է հարցված տեղեկությունները տրամադրել մանկավարժներին, գրավոր պատճառաբանելով, թե քանի որ ժամը 17:45 է,  իր աշխատանքային ժամը սպառվել է:

 

Անահիտ Վարդանյանի եւ Լաուրա Հովհաննիսյանի անունները ներկայացվում են Շիրակի մարզպետին` հաստատման:

 

Դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը հանդես է գալիս դպրոցի մանկավարժական խորհրդի վերոհիշյալ նիստի մանրամասները ներկայացնող եւ քննադատող հրապարակային (երրորդ) հայտարարությամբ[5], որի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ՀՀ ԿԳ նախարարություն, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին: 

 

20 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական խորհրդի 23 անդամների ստորագրությամբ, նիստի անցկացման կարգի բազմաթիվ խախտումների վերաբերյալ բողոք նամակներ են ուղարկում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Սահակ Մինասյանին եւ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին: Դպրոցի 23 ուսուցիչներ հայտարարում են, որ 

  1. Մանկավարժական խորհրդի նիստի մասին իրազեկումը պատշաճ չի եղել. հայտարարությունը փակցվել է նիստից ընդամենը մեկ ժամ առաջ, իսկ հայտարարությունը ստորագրված կամ կնքված չի եղել: Մանկավարժական խորհրդի անդամներից 3-ը տեղեկացված չեն եղել կայանալիք նիստի մասին եւ չեն կարողացել մասնակցել դրան: 

  2. Մանկավարժական խորհրդի նիստի մասին հայտարարությունը չի պարունակել նախնական օրակարգ կամ օրակարգի նախագիծ, որի վերաբերյալ մանկավարժները փոփոխություններ եւ առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն կունենային: 

  3. Առանց օրակարգի նախագծի հրավիրված մանկավարժական խորհրդի նիստը ընթացել է նիստի գումարման կարգի խախտումով. նիստը վարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է  օրակարգային մեկ հարց, օրակարգի այդ հարցի քննարկումը սկսել է առանց օրակարգի հաստատման, ապա, հրամայական կերպով քննարկման է դրել նաեւ երկրորդ հարց:

  4. Երկրորդ հարցի քննարկման ժամանակ, անհասկանալի պատճառներով, ընտրության փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկ չեն մտել եւս երկու առաջադրված թեկնածուների՝ Անահիտ Միսկարյանի եւ Գեղեցիկ Հովհաննիսյանի անունները: Նրանք ինքնաբացարկ չեն հայտարարել: Իսկ 7 քվե հավաքած Լաուրա Հովհաննիսյանը քվեարկությունից հետո հայտարարել է, թե ինքնաբացարկ է հայտարարում եւ հրաժարվում է լինել պատվիրակ դպրոցի խորհրդում, ինչին ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի ռեպլիկը, թե ընտրությունն արդեն կայացել է եւ նա հրաժարվել չի կարող:

  5. Այդ նիստի ավարտից հետո 6 մանկավարժներ գրավոր դիմել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, խնդրելով իրնեց տրամադրել նիստի արձանագրության պատճենը, ինչը վերջինս բանավոր մերժել է:

  6. Այս նիստը ընթացել է դասաժամին, ինչի հետեւանքով մոտ 60 րոպե ձախողվել է դասապրոցեսը:

  7. Առանց ուսուցչի մնացած տարրական դասարաններից մեկում կտրուկ վատացել է աշակերտ Ազատ Գրիգորյանի առողջական վիճակը: Գրադարանավարուհի Աննա Պետրոսյանը երեխայի մոտ փսխում նկատելով, այդ մասին արագ տեղեկացրել է դասղեկին:

  8. Մանկավարժական խորհրդի նիստի ընթացքում կտրուկ վատացել է ուսուցչուհի Սուսաննա Գրիգորյանի առողջական վիճակը, ժամը 16-ին հրավիրվել է Շտապ բուժ. օգնություն, որը արձանագրել է արյան բարձր ճնշում:

 

Շիրակի մարզպետը իր 45-Ա որոշմամբ փոփոխություններ է կատարում իր 2007 թվի սեպտեմբերի 4-ի թիվ 389 որոշման մեջ, որով որպես դպրոցի մանկավարժական խորհրդի անդամներ Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակում 2009 թվի փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստով պատվիրակված Անահիտ Վարդանյանին եւ Լաուրա Հովհաննիսյանին: Նույն  45-Ա որոշմամբ մարզպետը իր կողմից խորհրդի կազմում հաստատում է Գագիկ Տոնոյանին եւ Արմեն Հարությունյանին:

 

21 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի պաշտոնակատարը տեղեկություն հարցրած մանկավարժներին տրված գրավոր պատասխանում խնդրում է պարզաբանել, թե նիստի արձանագրության հատկապես ո՞ր մասի քաղվածքն են նրանք խնդրում իրենից:

 

23 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահը, Շիրակի մարզպետն ու դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ստանում են ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի որոշումը Ռուզան Մովսիսյանի հայցը վարույթ ընդունելու եւ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին: Որոշման մեջ մասնավորաբար ասվում է. Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը, ՀՀ Վարչական դատարանը գտնում է, որ դրանք համապատասխանում են ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73-րդ հոդվածների պահանջներին եւ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ: Միաժամանակ, դատարանը քննության առնելով նաեւ հայցվորի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, գտնում է, որ այն ենթակա է բավարարման հայցվորի մասով, քանի որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: դատարանը որոշեց Ռուզան Արշակունու Մովսիսյանի հայցադիմումը ընդդեմ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա. Բաղդասարյանի` Շիրակի մարզպետի 10.02.2009 թվի կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: Հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարել` արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի թիվ 29 կարգադրության կատարումը` հայցվոր Ռուզան Արշակունու Մովսիսյանի մասով, մինչեւ սույն վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը: :

 

Դպրոց է ժամանում ՀՀ ԿԳ նախարարության հինգ հոգուց կազմված պատվիրակությունը դպրոցի Խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի՝ նախարարին հղած բողոքի եւ այլ հանգամանքներ ուսումնասիրելու եւ նախարարին զեկուցելու հանձնարարությամբ: Հանձնաժողովականները սկսում են հարցազրույցներ անցկացնել դպրոցի աշխատակիցների հետ:

 

Այդ ընթացքին զուգահեռ Շիրակի մարզպետի՝ փետրվարի 20-ի որոշմամբ կազմված թիվ 19 դպրոցի այլընտրանքային խորհուրդը գումարում է նիստ, որից անմիջապես առաջ դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը նրանց տեղեկացնում է, որ ինքը Վարչական դատարան տված հայցով վիճարկում է մարզպետի՝ իր լիազորությունների դադարեցման որոշումը, նշում է, որ դատարանը հայցն ընդունել է  վարույթ, որոշել է հայցի ապահովման միջոց կիրառել, չի բացառվում դատարանի կողմից իր հայցի բավարարումը, եւ հորդորում է չշտապել՝ խորհրդի նիստ գումարել, եւ սպասել դատարանի վճռին, հակառակ դեպքում խնդիրը կարող է առավել բարդանալ: Այլընտրանքային խորհուրդը այնուամենայնիվ գումարում է նիստը, ընտրում է նախագահ եւ հայտարարում է տնօրենի թափուր տեղի համար նոր մրցույթ: ՇՄ ԿՄՍ վարչության Կրթության բաժնի աշխատակից Տիգրան Գուլյանը արգելում է Ռուզան Մովսիսյանի ներկայությունը այդ նիստին, կանգնելով դռան առաջ եւ ասելով, թե նիստը փակ է այն էլ մեծ կողպեքով: Նույն երիտասարդը կես ժամ անց նախարարությունից եկած հանձնաժողովականների ներկայությամբ իր այդ վարքի մասին բացատրություն տալիս ասում է, թե կատակ է արել: Ծնողական խորհրդի երկու անդամներից մեկը նիստի սկզբում հայտարարում է, թե նիստն անօրինական է եւ թողնում է այն: Ծնողական խորհրդի մյուս ներկայացուցիչը նիստը թողնում է մի քանի րոպե անց:

 

Նիստի ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնակատարը նույնպես ստանում է ՀՀ Վարչական դատարանի որոշումը Ռուզան Մովսիսյանի հայցը վարույթ ընդունելու, եւ որպես հայցի ապահովման միջոց Շիրակի մարզպետի կարգադրությունը կասեցնելու մասին որոշումը: 

 

Դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը հանդես է գալիս ՀՀ Վարչական դատարանի վերոհիշյալ որոշման, դպրոցի այլընտրանքային խորհրդի գումարած նիստի, իր հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու միջնորդության մասին հրապարակային (չորրորդ) հայտարարությամբ[6], որի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ՀՀ ԿԳ նախարարություն, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին: 

 

Ռուզան Մովսիսյանի փետրվարի 20-ի երկրորդ բողոքը` ուղղված ՀՀ ԿԳ նախարարին` մուտքագրվում է ՀՀ ԿԳ նախարարություն եւ ՀՀ Կառավարության աշխատակազմ:    

 

24 փետրվարի, 2009

ՀՀ ԿԳ նախարարությունից այցելած հանձնաժողովը շարունակում է աշխատել դպրոցում, հարցազրույցներ է ունենում աշխատակիցների հետ եւ երեկոյան ավարտում է աշխատանքը:

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մանկավարժներ Անահիտ Միսկարյանը եւ Գեղեցիկ Հովհաննիսյանը ՀՀ ԿԳ նախարարության հանձնախմբին հանձնում են իրենց բողոքն ուղղված ՀՀ ԿԳ նախարարին, այն մասին, որ փետրվարի 19-ին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից հապճեպ հրավիրված մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ իրենց անունները հանիրավի չեն մտել դպրոցի խորհուրդ մանկավարժական խորհրդից թեկնածուների ցանկ եւ քվեաթերթիկ: Բողոքում ասվում է, որ Մեզ համար անակնկալ` ընդամենը 60 րոպե առաջ հրապարակված հայտարարությամբ հրավիրված նիստի ժամանակ դպրոցի կառավարման խորհուրդ մանկավարժական խորհրդից անդամների թեկնածուներ առաջադրելիս առաջադրվել են նաև մեր թեկնածությունները, սակայն մեր անունները քվեաթերթիկ չեն մտցվել, չնայած այն բանին, որ մեզնից ոչ մեկն ինքնաբացարկ չի հայտարարել: Որպես բողոքի նշան մենք դուրս ենք եկել այդ նիստից: :  Պարոն նախարար, խնդրում ենք ձեր գործուն միջամտությունը այս բողոքում բերված ապօրինությունները կարգի բերելու ուղղությամբ::

 

25 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը դիմում է  ներկայացնում ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր դատավոր Էդ. Նահապետյանին՝ իր հայցի ապահովման միջոցի համար կատարողական թերթիկ ստանալու պահանջով. Դատարանը իր փետրվարի 20-ի որոշմամբ Ռուզան Մովսիսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընդունել էր վարույթ եւ որպես հայցի ապահովման միջոց որոշել էր կասեցնել Շիրակի մարզպետի թիվ 29 կարգադրության կատարումը (խոսքը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին արված այն կարգադրության մասին էր, որով վերջինս պիտի մանկավարժական խորհրդի նիստ գումարեր եւ այդ նիստում ընտրված երկու անդամների անուները ներկայացներ մարզպետին՝ դպրոցի խորհրդի կազմում հաստատման):

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ դատարանի վերոհիշյալ որոշումն ընդունելը եւ այդ որոշումից հետո տեղի էին ունեցել այնպիսի գործողություններ (դպրոցի մանկավարժական խորհրդի նիստ եւ երկու մանկավարժների ընտրություն դպրոցի այլընտրանքային խորհրդին անդամակցելու համար (19.2.2009), Շիրակի մարզպետի որոշում այլընտրանքային խորհրդի կազմը հաստատելու մասին (20.2.2009), այլընտրանքային խորհրդի նիստ, այդ խորհրդի նախագահի ընտրություն եւ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն (23.2.2009)), որոնք կարող էին խոչընդոտել կամ անհնարին դարձնել Ռուզան Մովսիսյանի հայցով դատարանի հնարավոր վճռի իրականացումը, Ռուզան Մովսիսյանը իր հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու միջնորդություն է ներկայացնում ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանին:

Ծանոթություն-8.

Ըստ գործող օրենսդրության, դատարանն այդ միջնորդությունը, կողմերի մասնակցությամբ, պիտի քննարկի այն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում: 

 

25 փետրվարի, 2009

Գյումրու թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդի անդամ Ալվարդ Ղայթանջյանը դիմում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում գործող Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն՝ իրավաբանական խորհրդատվություն ու աջակցություն ստանալու խնդրանքով: Ալվարդ Ղայթանջյանի լիազորությունները Շիրակի մարզպետը իր փետրվարի 10-ի կարգադրությամբ նույնպես հայտարարել էր դադարեցված այն նույն հիմքով, ինչով դադարեցրել էր Ռուզան Մովսիսյանի լիազորությունները. իբր դպրոցների խորհուրդների ձեւավորման ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի կարգի խախտումով ընտրված լինելու հանգամանքով:

  

26 փետրվարի, 2009

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանը տեղեկատվության 3 հարցում է ուղարկում Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին (1), Շիրակի մարզպետին (2), նրա՝ փետրվարի 20-ի որոշմամբ ձեւավորված թիվ 19 դպրոցի (այլընտրանքային) խորհրդի նախագահին (3)՝ խնդրելով իրեն տրամադրել համապատախանաբար՝ (1) Գյումրու թիվ 19  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի Մանկավարժական խորհրդի 2008 թվի դեկտեմբերի 1-ից մինչեւ փետրվարի 25-ը գումարած բոլոր նիստերի արձանագրությունների պատճեները, (2) Գյումրու թիվ 19  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ խորհրդի՝ փետրվարի 25-ի պահին առկա եւ նախորդ կազմերի հաստատման մասին մարզպետի որոշումների պատճեները եւ այդ կազմերում առկա անդամների անվանացանկը պարունակող՝ մարզպետի որոշումների հարակից հավելվածների պատճեները, եւ (3) Գյումրու թիվ 19  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի՝ 2009 թվի փետրվարի 20-ից մինչեւ փետրվարի 25-ը գումարած բոլոր նիստերի արձանագրությունների պատճեները:

 

Ալվարդ Ղայթանջյանը Շիրակի մարզպետի եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ իր հայցով պահանջում է անվավեր հայտարարել իր լիազորությունները դադարեցնելու մասին մարզպետի փետրվարի 10-ի կարգադրությունը եւ որպես հայցի ապահովման միջոց՝ կասեցնել դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարի, Շիրակի մարզպետի, եւ նրա` փետրվարի 20-ի հրամանով ստեղծված դպրոցի (այլընտրանքային) խորհրդի կայացրած բոլոր այն որոշումներն ու գործողությունները, որոնք կարող են խոչընդոտել կամ անհնարին դարձնել Ալվարդ Ղայթանջյանի հայցով դատարանի վերջնական վճռի կատարումը:

 

Ալվարդ Ղայթանջյանի հայցադիմումների կրկնօրինակները՝ հարակից փաստաթղթերով փոստով եւ ծանուցագրերով ուղարկվում են պատասխանողներին՝ Շիրակի մարզպետին եւ թիվ 19 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

 

28 փետրվարի, 2009

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխտնօրեններին է փոխանցում մարզպետարանի իրավաբանի բանավոր պահանջը  թե` մանկավարժական խորհրդի փետրվարի 19-ի նիստի կազմակերպման եւ անցկացման դեմ մարզպետին, ԿՄՍ վարչության պետին եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին բողոք ներկայացրած 23 ուսուցիչները երկուշաբթի օրը աշխատանքի պիտի գան անձնագրերով: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարողանում բացատրել, թե ի՞նչ իրավունքով եւ ինչո՞ւ է նման պահանջ ներկայացվում աշխատակիցներին: Դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը հանդես է գալիս այս պահանջը քննադատող հրապարակային (հինգերորդ) հայտարարությամբ[7], որի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ՀՀ ԿԳ նախարարություն, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին:

 

2 մարտի 2009,

Դպրոց է այցելում մարզպետարանի իրավաբան Գեղամ Բաղդասարյանը, դպրոցի փոխտնօրեններին բացատրում է, որ ինքն է հանձնարարել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` փոխանցել աշխատակիցներին, որ երկուշաբթի օրը անձնագրերով գան աշխատանքի: Այդ պահանջը նա հիմնավորում է այն հանգամանքով, որ ինքը պարտավոր է ճշտել մարզպետին ԿՄՍ վարչության պետին եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին փետրվարի 20-ին ներկայացված բողոքի տակ ստորագրած 23 մանկավարժների անձերն ու ինքնությունը: Տեղում 6 մանկավարժներ առանց անձնագրերի ներկայացման հաստատում եւ պնդում են, որ իսկապես իրենք են մարզպետին, ԿՄՍ վարչության պետին եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին փետրվարի 20-ին հղված բողոքի տակ ստորագրել: Նրանք նշում են, որ պատրաստ են այնքան անգամ բողոքել, որքան պետք կլինի խնդիրը կարգավորելու համար: Իրավաբանը խնդրում է այդ եւ մյուս ստորագրողներին մարտի 3-ին ժամը 16-ին անձնագրերով ներկայանալ մարզպետարան՝ իր մոտ, անձնագրային տվյալները ճշտելու եւ բողոքի տակ առկա ստորագրությունները ստուգելու համար:

 

Փոստից ստացվում է Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Բաղդասարյանի ստորագրությամբ ծանուցագիրն այն մասին, որ Ալվարդ Ղայթանջյանի հայցի կրկնօրինակն ինքը ստացել է փետրվարի 28-ին:    

 

3 մարտի 2009,

Թիվ 19 դպրոցի  այլընտրանքային խորհրդի նախագահ Տիգրան Տոնոյանը տեղեկության հարցմանն (26 փետրվարի, 2009) ի պատասխան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանին հանձնում է իր ղեկավարած խորհրդի փետրվարի 23-ի նիստի արձանագրության պատճենը: Այդ արձանագրությունը բաղկացած է երեք էջից: Ըստ այդ արձանագրության, նիստին մասնակցել են այլընտրանքային խորհրդի կազմի բոլոր անդամները, որոնցից մեկը՝ Ծնողական խորհրդի ներկայացուցիչ Արթուր Սիմոնյանը առաջին հարցի քննարկման ժամանակ է թողել նիստը, իսկ Ծնողական խորհրդի մյուս ներկայացուցիչ` Աննա Դարբինյանը թողել է նիստը երկրորդ հարցի քննարկման ժամանակ: Այդ նիստում, ըստ արձանագրության, երեք հարց է քննարկվել. (1) լսել են ՇՄ ԿՄՍ վարչության առաջատար մասնագետ Տիգրան Գուլյանի հաղորդումը Շիրակի մարզպետի փետրվարի 20-ի թիվ 45-Ա որոշուման մասին առ այն, որ նա իր 2007 թվի սեպտեմբերի 4-ի թիվ 389 որոշման մեջ փոփոխություններ է կատարել եւ դպրոցի խորհրդի 4 անդամների անունները փոխարինել է նոր անուններով, (2) Խորհրդի նախագահի ընտրությունը եւ (3) Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարումը:

 

Շիրակի մարզպետարանում ժամը 16:30-19:45-ը (3 ժամ 15 րոպե) տեղի է ունենում  իրավաբան Գեղամ Բաղդասարյանի եւ թիվ 19 դպրոցի թվով 19 (դպրոցի մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թիվը 28 է, իսկ բողոքն ստորագրել են 23-ը) ուսուցիչների հանդիպումը, որի ժամանակ մանկավարժները՝ հերթով զրուցելով իրավաբանի հետ, վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ կապված մանկավարժական խորհրդի փետրվարի 19-ի նիստի կազմակերպման եւ անցկացման դեմ բողոքի հետ: Մարզպետի դեմ հայց ներկայացրած, դպրոցի խորհրդի նախագահ եւ փոխտնօրեն Ռուզան Մովսիսյանի հետ մոտ 1 ժամ տեւած առանձնազրույցի ժամանակ իրավաբանը փորձում է բացատրել, որ փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի կազմակերպումն ու անցկացումը որեւէ կարգի խախտմամբ տեղի չի ունեցել, որովհետեւ, ըստ իրավաբանի, նման կարգ պարզապես գոյություն չունի: Ռուզան Մովսիսյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են անհանգստացել եւ այդ նիստի դեմ բողոքով հանդես եկած ուսուցիչներին հրավիրել մարզպետարան ու պարզում, թե արդյո՞ք իրենք են ստորագրել այդ բողոքը, ըստ էության մնացել է անպատասխան: Գեղամ Բաղդասարյանի խորին համոզմամբ 60 րոպե շարունակ դասապրոցեսները տապալելը և երեխաներին անուշադրության մատնելը  որեւէ կարգի խախտում չէ:

 

Ծանոթություն-9. Գեղամ Բաղդասարյանի այն պնդումը, թե այդ նիստերի անցկացման համար որեւէ հատուկ կարգ չկա սահմանած, հանգեցնում է այն տրամաբանությանը, որ 28 անդամ ունեցող մանկավարժական խորհրդի անդամները 3-4 հոգանոց խմբերով միաժամանակ կարող են Մանկավարժական խորհրդի 9 նիստ անցկացնել, որովհետեւ կարգի բացակայությունը նաեւ քվորումի պարտադրանքի բացակայություն է նշանակում, ինչն աբսուրդ է:    

 

4 մարտի 2009,

Փոստից ստացվում է Շիրակի մարզպետարանի ընդհանուր բաժնի մակագրությամբ ծանուցագիրն այն մասին, որ Ալվարդ Ղայթանջյանի հայցի կրկնօրինակը Շիրակի մարզպետարանն ստացել է մարտի 2-ին:    

 

Գյումրու թիվ 19 դպրոցի ուսուցչուհի, դպրոցի խորհրդի անդամ Ալվարդ Ղայթանջյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնվում է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի գրասենյակ:

 

Ռուզան Մովսիսյանը դիմում է ԴԱՀԿ ապահովող ծառայություն իր հայցի ապահովման միջոցի կիրառման մասին դատարանի որոշումն ի կատար ածելու պահանջով:

 

ՀՀ ԴԱՀԿ ԱԾ հարկադիր կատարող լեյտենանտ Կ.Կարապետյանը որոշում է. Արգելել Շիրակի մարզպետարանին եւ Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա.Բաղդասարյանին կատարել Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի թիվ 29 կարգադրությունը` հայցվոր Ռուզան Արշակունու Մովսիսյանի մասով, մինչեւ սույն վարչական գործով վերջնական դատական ակտի կատարումը:

 

5 մարտի 2009,

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց է այցելում ՀՀ ԴԱՀԿ ԱԾ հարկադիր կատարող լեյտենանտ Կ.Կարապետյանը եւ հանդիպում  տնօրենի պաշտոնակատարին:

 

ՇՄ ԿՄՍ վարչության պետ Սահակ Մինասյանը, ի պատասխան դպրոցի թվով 23 ուսուցիչների բողոքի, Ռուզան Մովսիսյանին է ուղարկում 6,5 տող կազմող մի գրություն, այն է. Ի պատասխան ՀՀ Շիրակի մարզպետին հասցեագրված Ձեր եւ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի անդամների 2009 թվականի փետրվարի 20-ի դիմումի հայտնում ենք, որ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության եւ իրավաբանական բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դիմումում ներկայացված հարցերը չեն կարող հիմք ծառայել մանկավարժական խորհրդի որոշումը չեղյալ հայտարարելու համար:

Ծանոթություն-10.

Բողոքով հանդես եկած 23 մանկավարժներն իրենց բողոքում չեն պահանջել որեւէ որոշում չեղյալ հայտարարել: Բողոքում նրանք թվել են փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման ժամանակ տեղի ունեցած բոլոր կարգազանցությունները եւ Շիրակի մարզպետին, ՇՄ ԿՄՍ վարչության պետին ու տնօրենի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ դպրոցի խորհրդից ետ են կանչում 3 քվե հավաքած Անահիտ Վարդանյանին:   

 

6 մարտի 2009,

 

ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը որոշում է Գյումրու թիվ 19 դպրոցի ուսուցչուհի Ալվարդ Ղայթանջյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի եւ դպրոցի տնօրենի պաշտոնակտարի ընդունել վարույթ եւ հայցի ապահովման միջոց կիրառել: Որոշման մեջ ասվում է. Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի հայցադիմումն ընդդեմ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա.Բաղդասարյանի`Շիրակի մարզպետի 2009 թվականի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: Հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարել` Արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի թիվ 29 կարգադրության կատարումը` հայցվոր Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի մասով, արգելել Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կազմի գործունեությունը, ինչպես նաեւ կասեցնել մինչեւ այս հայցադիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի Շիրակի մարզպետի 2009 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կազմի կայացրած որոշումներով պայմանավորված գործողությունները մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը: Սույն որոշումը հայցի ապահովման միջոց կիրառելու մասով ենթակա է բողոքարկման:

 

9 մարտի 2009,

Հայցվոր Ռուզան Մովսիսյանը դատարանից պաշտոնապես ծանուցվում է այն մասին, որ իր հայցով գործի նախնական լսումը նշանակված է մարտի 19-ին, ժամը 14-ին:

 

Հայցվոր Ալվարդ Ղայթանջյանի հայցը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը հանձնվում է հայցվորի ներկայացուցչին, Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբանին:

 

11 մարտի 2009, 12:00 ]

Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանը հանդես եկավ այս պատմության մասին երկրորդ մամլո ասուլիսով, լրագրողներին  ներկայացրեց այս տեղեկանքը, դատական գործերի մանրամասները, մանկավարժական խորհրդի 23 անդամների բողոքը եւ իր մեկնաբանությունները:


[1] ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա//Ք հրամանով հաստատված ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1 ենթակետով սահմանվում է, որ ԴԿԽ ուսուցչական հանրույթից ընտրվող անդամները նույն դպրոցում աշխատանքային առնվազն 3 տարվա ստաժ պետք է ունենան

[2] ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշում


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter